Օգոստոսի 15-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ Փոքր և Միջին Ձեռնարկատիրության (ՓՄՁ) վերաբերյալ Գործարար Շահերի Պաշտպանության Ցանցի (ԳՇՊՑ) կողմից կազմած առաջարկությունների քննարկում, որին մասնակցում էր նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանը:

   Առկա հիմնախնդիրների և դրանց լուծման վերաբերյալ դիրքորոշում արտահայտող այս փաստաթղթում ներառված են մոտեցումների ութ կարևոր կետեր: Դրանք վերաբերում են հիմնախնդիրների օրենսդրական կարգավորման, ֆինանսական մեխանիզմների, մարկետինգի և արտահանման աջակցության, մրցունակության բարձրացման, հանրային գնումներին ՓՄՁ սուբյեկտների մասնակցության մեխանիզմների, ոլորտի պաշտոնական վիճակագրության վարման, տեղեկատվական և կրթական աջակցության և ձեռնարկության լուծարման ընթացակարգերի կատարելագործմանը:

    ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը արժևորեց ՓՄՁ ոլորտում բարեփոխումների կարևորությունը և շեշտեց այդ քննարկումները պարբերաբար շարունակելու անհրաժեշտությունը: Քննարկումները հնարավորություն կտան դասակարգել և ընդհանրացնել խնդիրները, լրամշակել դիրքորոշում արտահայտող փաստաթուղթի ոչ լիարժեք դրույթները, կոնկրետացնել այն հիմնական ուղղությունները, որոնք նախապայման են ստեղծում գործարար միջավայրի բարելավման և ներդրումների խթանման համար:

       ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանը պատասխանեց գործարարներին մտահոգող բազմաթիվ հարցերի՝ հավելելով, որ հիշյալ խնդիրը նախարարություն ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Անհրաժեշտ է էլ ավելի ակտիվացնել պետություն-մասնավոր սեկտոր երկխոսությունը, որում կարևոր դերակատարում ունի հատկապես ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը: Փոխնախարարը ևս շեշտեց նման հանդիպումների շարունակականությունը և պատրաստակամություն հայտնեց աջակցելու դրանում:

   ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի պետ Վլադիմիր Ամիրյանը խոսեց դիրքորոշում արտահայտող փաստաթղթի նպատակի մասին:

   Գործարարները նշեցին, որ նախկինում կարևոր շատ խնդիրների վերաբերյալ չափորոշիչներ էին մշակվել, որոնք հաճախ հեշտորեն շրջանցվում են: Ահավասիկ՝ այսօր խոշոր բիզնեսների մեծ մասը դասակարգվում են ՓՄՁ-ների շարքում՝ դրանից բխող ոչ ճիշտ հարկման հետևանքներով: Իր հերթին՝ շրջանառության մի մասը ստվերային է, իսկ աշխատողների իրական թվաքանակն էլ թաքցվում է: Հարկավոր է հստակեցնել չափորոշիչները՝ բացառելու շրջանցելու հնարավորությունը:

   ՓՄՁ ոլորտի փորձագետ Գագիկ Պողոսյանը ներկայացրեց ոլորտի բարելավման առաջարկությունները:

Գործարարներից եղավ առաջարկություն մարզերում ստեղծել մարկետինգային կենտրոններ արտադրությանը և զորակցելուն նպատակամիտված: Նաև նշվեց, որ կատարյալ չեն դրամաշնորհների ստացման չափորոշիչները:

   Քննարկվեցին  հարկային և մաքսային քաղաքականության  անկատարությանը, հատկապես փոքր և միջին բիզնեսին խոչընդոտող և բազմաբնույթ այլ հարցեր, որոնց անդրադարձ կլինի հաջորդ քննարկմանը: Կարևոր դիտողություններն ու առաջարկությունները հաշվի են առնվելու ՀՀ կառավարության կողմից  ՓՄՁ ոլորտի  զարգացման ռազմավարության կարևորագույն փաստաթուղթը կազմելիս:

Leave a comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով