Օգոստոսի 22-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ հարկային քաղաքականության և պետական տեսչական համակարգի կատարելագործման վերաբերյալ Գործարար Շահերի Պաշտպանության Ցանցի (ԳՇՊՑ) կազմած առաջարկությունների կլոր սեղան-քննարկում:Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Հրաչյա Մուրադյանը, Տնտեսական Զարգացման և ներդրումների նախարարության ՓՄՁ աջակցության և զարգացման վարչության պետ Կորյուն Գևորգյանը և Տեսչական բարեփոխումների գրասենյակի փորձագետ Արթուր Ասոյանը և այլոք:
Հանդիպման սկզբում Երևան քաղաքի ԱԱՊ նախագահի խորհրդական Վլադիմիր Ամիրյանը հանդես եկավ բացման խոսքով, ողջունեց Պետական հատվածի ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնեց ներկայության համար, նշելով , որ նրանց կարծիքը շատ կարևոր է քանի որ հետագայում փոփոխությունները կատարողը նրանք են լինելու: Պրն Ամիրյանը ներկայացրեց Փաստաթղթերի ստեղծման նախապատմությունը նշելով, որ ներկայացվելիք առաջարկությունները ձևավորվել են հաշվի առնելով գործարար հանրության ինչպես նաև փորձագիտական կարծիքը:
Պետական տեսչական համակարգի կատարելագործման փաստաթղթում ներառված էին խնդրներ հետևյալ թեմաներով՝

-ստուգումների ընթացակարգերի կատարելագործում,
-ստուգումների պլանավորման առանձնահատկությունների հստակեցում,
-ընթացակարգերի սահմանում,
-ստուգումների արդյունքների բարեփոխման մեխանիզմների կատարելագործում,
-տեսուչների գործելակերպի նոր մշակույթի ներդրումը և այլն,
Այս խնդիրները մանրամասն ներկայացվեցին տեսչական ոլորտի փորձագետ Սյուզաննա Ծատուրյանի կողմից :
Հանդիպման մասնակիցները նշեցին հատկապես կամայականությունների բացառման նպատակով ստուգումների պլանավորման առանձնահատկությանների հստակեցման, ստուգումների արդյունքների բողոքարկման մեխանիզմների կատարելագործման և խնդրին առնչվող այլ հարցեր:
Մյուս դիրքորոշում արտահայտող փաստաթուղթը վերաբերում էր հարկային ոլորտի օրենսդրության կատարելագործմանը, որը հանգամանորեն ներկայացվեց Հարկային ոլորտի փորձագետ Փայլակ Թադևոսյանի կողմից:
Կարգավորման ենթակա խնդիրները հետևյալն էին՝

-Շրջանառության հարկ վճարող համարվելու հայտարարություն ներկայացնելու ժամկետի սահմանափակման վերանայում
-Շրջանառության հարկ վճարող համարվելու փոխկապակցվածության սահմանափակման վերանայում
-Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների համար հարկի գումարը նվազեցնելու սահմանափակման վերանայում
-Շրջանառության հարկ վճարողների համար ՀԴՄ-ների կիրառման և ՀԴՄ կտրոններում ապրանքների անվանացանկի պարտադիր արտացոլման պահանջի վերանայում
-Հարկի գումարը պակաս հայտարարագրելու դեպքում 50 տոկոս տուգանքի հաշվարկման կարգի վերանայում
-Հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշ վճարելու համար սահմանված պատասխանատվության վերանայում
-Ֆիզիկական անձանց շահաբաժինների հարկման վերանայում
-Եկամտային հարկի դրույքաչափերի վերանայում
-Շրջանառության հարկի շեմի վերանայում
-Հարկային համակարգի կայունություն

Վերոնշյալ հարցերի շրջանակներում ծավալվեց բուռն քննարկում պետական հատվածի ներկայացուցիչների և Գործարար շահերի պաշտպանության ցանցի ու Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի անդամների միջև:
Փորձագետները նշեցին, որ ՓՄՁ սուբյեկտների համար գործում են հարկման մի քանի ռեժիմներ, որոնք հարկային բեռի և կիրառության առումով տարբեր են: Ոմանց համար հարկման ռեժիմները բարենպաստ են, իսկ շատերի համար հարկային բեռի և սահմանափակումների առկայության պայմաններում՝ ոչ բարենպաստ: Եվ հենց դա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում, ուստի այն հարկավոր է առավել հստակեցնել և բարեփոխել: Անդրադարձ եղավ նաև հարկման տարբեր ռեժիմների առանձնահատկություններին ու դրանց հնարավորիս պարզեցման խնդիրներին, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի ՓՄՁ զարգացման համար:
Քննարկման ավարտին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը Պալատի անունից պատրաստակամություն հայտնեց մշտապես աջակցելու նման կարևորագույն քննարկումների կազմակերպմանը, քանի որ ճիշտ ու իրատեսական օրենսդրությունն է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման նախապայմանը:

Leave a comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով