Դեկտեմբերի 14-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցավ Գործարար շահերի պաշտպանության ցանցի հերթական նիստը: Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական Վլադիմիր Ամիրյանը սկզբում ներկայացրեց նիստի օրակարգը և սույն թվականի դեկեմբերի 4-6 Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայացած, Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի (CIPE) կողմից կազմակերպված կոնֆերանսի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Մասնավորապես ընդգծվեց, որ CIPE-ը պատրաստակամություն է հայտնել մասնագետներ ուղարկել Հայաստան Գործարար շահերի պաշտպանության ցանցի անդամների շրջանակներում կարողությունների զարգացման դասընթացներ կազմակերպելու նպատակով: Նիստի ընթացքում նախանշվեցին դասընթացների նախընտրելի թեմաները՝ ներքին կոմունիկացիաներ և օպերատիվ աշխատանքային ծրագրերի նախագծումներ:
Անդրադարձ կատարվեց նաև նախկինում մշակված դիրքորոշման փաստաթղթերին, նշվեց որ պետական տեսչական համակարգի կատարելագործման վերաբերյալ դիրքորոշման փաստաթուղթն արդեն իսկ ուղարկվել է ՀՀ վարչապետին, իսկ Հարկային օրենսգրքում տեղ գտած նոր փոփոխությունների շրջանակներում պայմանավորվածություն ձեռք բերվեց վերանայել փաստաթուղթը և առանձնացնել առաջարկությունների այն կետերը, որնք տեղ չեն գտել նոր հարկային օրենսգրքում: Նաև որոշում կայացվեց Գործաար շահերի պաշտպանության ցանցի անունից նամակ ուղարկել կառավարություն, որում կարտահայտվի Ցանցի կարծիքն ու դիտողությունները նոր հարկային օրենսգրքի հետ կապված:
Ներկայացվեցին «Հայաստանում հակակոռուպցիոն վարքի խթանման և բարեփոխումների» ծրագրի շրջանակներում իրականացվող և իրականացվելիք աշխատանքները ինչպես նաև քննարկվեց « Հայկական բիզնես կոալիցիայի» հետ հնարավոր համագործակցության հեռանկարները: Որոշում կայացվեց հարցում կատարել կոալիցիայից նրանց առաքելության և տեսլականի մասին ավելի հստակ պատկերացում կազմելու համար: